Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սերժ Սարգսյան․ «Անկախության տոնը նվիրական է»

Սերժ Սարգսյան․ «Անկախության տոնը նվիրական է»
21.09.2015 | 22:05

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են պարգևատրվել պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանն այսօր հանդիսավոր արարողությամբ հանձնել է պարգևները: Նա շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
«Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները»,- ասել է նախագահը: «Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. «Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին»:
«Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 16-ի հրամանագրերով Պատվո շքանշան է շնորհվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ Մեծի Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս 19-րդ Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին (հետմահու), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշան՝ ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում՝ դերասան Հրանտ Թոխատյանին, վաստակավոր արտիստի կոչում՝ երգիչ Հարութ Փամբուկչյանին, վաստակավոր բժշկի կոչում՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանին, մշակույթի վաստակավոր գործչի կոչում՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին, արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանին:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ